Սահմանադրական դատարանի որոշումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանք վերաբերում են պատիժ չկիրառելուն եւ ֆոնդերի պարտադիր ընտրությանը) գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի ԱԺ-ում եւ փողոցում ծավալված պայքարի արդյունքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա դրական է գնահատում ՍԴ-ի որոշումը՝ շեշտելով, որ սա այն եզակի դեպքերից է, երբ իշխանության գործողություններին ՍԴ-ն գնահատական է տալիս՝ չհամաձայնելով նրա հետ: Միեւնույն ժամանակ, Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ ՍԴ-ն հասարակության մեջ առկա լարվածությունը մեղմեցնելու քայլ է արել։ Նրա փոխանցմամբ՝ այս ամենը հասարակության պայքարի հետեւանքն էր, «քանի դեռ ավտորիտար համակարգի դեպքում ներքեւից ընդվզում չկա, ոչ մի որոշում չի ընդունվում»։ ՀԱԿ անդամը նշեց, որ երբ «Դեմ եմ»  նախաձեռնությանը միացան ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը, ակնհայտ էր, որ առճակատում պիտի լիներ եւ դա   առիթ էր մարդկանց մեջ իշխանությունների վերջին տարիների գործողությունների նկատմամբ առկա ցասումը, ըմբոստությունը արտահայտելու։Վահագն Խաչատրյանի կարծիքով՝  պայքարի դուրս եկածները շատ ավելի են ցավում մեր երկրի ապագայի համար,  քան այն մարդիկ, ովքեր հակառակ, այսօրվա իրականության հետ աղերսներ չունեցող փաստարկներ են ներկայացնում։ «Որքան մեր պայքարը ուժեղ կլինի, այնքան հաջողություն կունենանք, եթե մի տեղ ընկրկենք, ապա իշխանությունը կանի այն, ինչ արել է նախորդ դեպքերում»,- նշեց նա։

Հնարավոր է արդյոք օրենքն առհասարակ հանվի, ՀԱԿ անդամի կարծիքով, դա կախված է նաեւ իրենցից, բոլոր շահագրգիռ եւ պայքարում հետեւողական անձանցից։ «Մինչեւ հիմա էլ մենք կարծում ենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կիրառելը նպատակահարմար չէ։ Ինչքան մեր պայքարը կլինի հետեւողական, փաստարկները՝ հիմնավորված, այդպիսին էլ կլինի շարունակությունը։ Ինչքան խորանում ենք այս համակարգի տարբեր երկրներում կիրառելու մեջ, այնքան համոզվում ենք, որ դա այնպես չի աշխատում, ինչպես ներկայացվում է։ Երբ մեզ որպես հաջորդ օրինակ ներկայացվում է Չիլլի փորձը, որտեղ այդ համակարգը ներդրվել է 70-ականներին, չեն նշում, որ այդ համակարգի ներդրվելուն պես այնտեղ հարկերի նվազում է կատարվել։ Այսինքն, ինչքան խորանում ենք առավելությունները գտնելումեջ, այնքան հակառակ պատկերն ենք ստանում, պետք է պնդել մեր տեսակետները եւ իշխանությանը պարռադրել, որ հետագայում հրապարակային դարձնեն նման օրենքների ընդունումը»,- ասաց ՀԱԿ անդամը: