Գերմանիայում 16-ամյա զինված դպրոցականը թալանել է բանկը, ինչից հետո փորձել է հեծանիվով փախուստի դիմել։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից։

Դեպքը կատարվել է Պասաու (Բավարիայի դաշնային տարածք) քաղաքի մոտակայքում՝ Բադ Ֆյուսինգ բնակավայրում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ դեռահասը բանկ էր մտել, հանել զենքը եւ պահանջել իրեն տալ գանձարկղում եղած ամբողջ գումարը: Մի քանի հազար եվրո կանխիկ գումար ստանալով` նա դուրս էր եկել փողոց, նստել հեծանիվ եւ գնացել  հարեւան Օբերնբերգի ուղղությամբ:

Ամբողջ ճանապարհին գողին հետապնդել է կողոպուտի ականատեսներից մեկը: Վերջապես, նրա օգնությամբ, ոստիկանությունը բռնել է հանցագործին: Աշակերտն անմիջապես խոստովանել է արարքը: 

Իրավապահ մարմիններից դեռ չեն հայտնում, թե ինչ պատիժ է սպառնում դեռահասին: