Վալանսի հայ համայնքը կիրակի՝ հունվարի 26-ին հայկական Սուրբ Սահակ եկեղեցում հոգեհանգստի պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Դրոմ ու Արդեշ դեպարտամենտների ծագումով հայ ֆրանսիացի վետերանները, «Արմենիա» միավորման եւ Ֆրանսիայի հայերի ֆրանսիական մշակութային միության ներկայացուցիչները Վալանսում ծաղկեպսակ կդնեն հայկական եկեղեցու բակում գտնվող խաչքարին: «Մենք պետք է միասնական լինենք մեր երիտասարդ զինվորների հետ, որոնք արիությամբ օր ու գիշեր պաշտպանում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանները: Մենք ցանկանում ենք հարգել այս երիտասարդ զինվորի հիշատակը, ով զոհեց ինքն իրեն, որպեսզի փրկի ընկերների կյանքը, ով մինչեւ մահ պայքարեց ադրբեջանցիների դեմ՝ պատասխանելով վերջիններիս հարձակմանը: Եւ եթե նույնիսկ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին էին, Արմեն Հովհաննիսյանի մահը շատ է վշտացնում մեզ: Այս քայլով մենք ցանկանում են մեր ցավակցությունը հայտնել նրա ընտանիքին, ընկերներին, զինակիցներին, ովքեր առանձնանում են իրենց քաջությամբ»,- նշել են Վալանսի երեք հայկական միավորումների անդամները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հունվարի 20-ի գիշերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում: Փոխհրաձգության ընթացքում ռազմական առաջադրանքը կատարելիս հերոսաբար զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:




























