Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է բաժանվել իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիերվեյլերից

Այդ մասին կհայտարարեն շաբաթ օրը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի մերձավոր շրջապատում առկա աղբյուրին:

Ավելի ուշ, սակայն, նախագահի վարչակազմը հերքել է տեղական ԶԼՄ-ների վերոհիշյալ տեղեկատվությունը՝ դրանք անվանելով «սուտ լուրեր», հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ֆրանսիական Closer ամսագիրն իր էջերում նյութ էր հրապարակել լուսանկարներով, որոնք իբր ապացուցում էին Ֆրանսիայի նախագահի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի միջեւ գաղտնի սիրավեպը:

Օլանդն ու Տրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած  չեն, սակայն լրատվամիջոցները Տրիերվեյլերին անվանում են Ֆրանսիայի առաջին տիկին:

Տրիերվեյլերը Օլանդի մշտական ուղեկիցն է 2007թ.-ից: Հենց նա էր ուղեկցում նախագահին պաշտոնական միջոցառումների ժամանակ:

Լուսանկարների հրապարակումից քիչ անց Տրիերվեյլերին տեղափոխել էին Pitie-Salpetriere հիվանդանոց: