Ուկրաինայի համար առավել քաղաքակիրթ քայլ կլինի նոր կառավարության ձեւավորումը՝ հաշվի առնելով Յանուկովիչի եւ ընդդիմության շահերը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքգետ Ռամազ Սակվարելիձեն: «Իհարկե, հնարավոր չէ կանխատեսել իրադարձությունների զարգացումը նույնիսկ ամենամոտ հեռանկարում, սակայն եթե խոսենք հնարավոր սցենարների մասին, ապա առավել հավանական են երեք տարբերակ: Առաջին երկուսը իշխանության ու ընդդիմության անզիջում քաղաքականությունն է: Իշխանության անզիջում պահվածքը կարող է հանգեցնել առկա գործընթացների արգելափակում, սակայն միայն որոշ ժամանակով: Իսկ որոշ ժամանակ անց ճնշված բողոքը կարող է նորից բռնկվել ու առավել մեծ թափով»,- հայտարարել է Սակվարելիձեն:
Ընդդիմության անզիջում լինելը, հավելել է, նա, նույնպես չի խոստանում մեծ հեռանկարներ, քանի որ վերջին հաշվով ուժն իշխանության կողմից է: Այդ դեպքում ընդդիմությունը կարող է կորցնել քաղաքացիների վստահությունը:
Առավել քաղաքակիրթ տարբերակը, հավելել է նա, փոխզիջումն է: «Հնարավոր տարբերակներից մեկը հետեւյալն է. Յանուկովիչը մնում է իշխանության գլխին, իսկ ընդդիմությունը ձեւավորում է նոր կառավարություն՝ համատեղ շահերի հիման վրա»,- նշել է քաղաքագետը:
Նա կարծում է, առայժմ դժվար է ասել, թե արտաքին ուժերից ում է առավել ձեռնտու ստեղծված իրավիճակը՝ Եվրամիության, թե Ռուսաստանին: «Արյունահեղության դառը փորձը, այդ թվում նաեւ Վրաստանում, կրկնվում է. Ռուսաստանի ազդեցությունը ուկրաինացիների վրա նկատելիորնե նվազել է»,- հավելել է փորձագետը:
Նրա ուսումնասիրությունների համաձայն՝ ընդդիմության եւ ոչ մի առաջնորդ ուշադրություն չի հատկացնում Վրաստանին ու Հարավային Կովկասին: «Այժմ նրանք տարված են ներքին խնդիրներով, որպեսզի անդրադառնան այդ թեմաներին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վրացի հասարակության հետաքրքրությունն այնքանով է ուժեղ, որ դրա մասին տեղեկություններն այսօր գերազանցում են մյուս բոլոր թեմաներին»,- նշել է Սակվարելիձեն:




























