Անսովոր համաճարակը պարբերաբար վրա է հասնում Ղազախստանի կենտրոնում գտնվող Կալաչի գյուղի վրա: Փոքր բնակավայրի բնակիչները խոր քուն են մտնում գրեթե կանգնած վիճակում: Տեղի փորձագետները դեռ բացատրություն չեն գտել նման անսովոր երեւույթին:
Առաջին անգամ հիվանդության մասին տեղի բնակիչներն իմացան անցյալ տարի գարնանտ: Այն ժամանակ բժշկի օգնության էր դիմել 14-ից 70 տարեկան մոտ 10 գյուղացի: Բոլորի մոտ նույն բողոքն էր՝ թուլություն, ընդհանուր հյուծվածություն, հաճախակի կրկնվող ուշաթափություններ, անընդհատ քնելու ցանկություն, ինչպես նաեւ հիշողության մասնակի կորուստ եւ հալյուցինացիաներ: Մարդիկ 2-3 օր այնքան խորն էին քնում, որ նույնիսկ հարազատները չէին կարողանում ուշքի բերել, իսկ արթնանալուն պես ոչինչ չէին հիշում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ պահից ի վեր զանգվածային «քունը» գյուղի բնակիչների մոտ երկու անգամ կրկնվել է: Վերջին դեպքը գրանցվել է այս տարի հունվարին: Ընդ որում դարձյալ խոսքը տասնյակ տուժածների մասին է, որոնց միավորում էր միայն նույն բնակավայրում ապրելու փաստը: Իրենք հիվանդները նկատել են, որ հիվանդությունն ի հայտ է գալիս եղանակնեի տաքացմամբ: Իրենց հիվանդության մասին ավելին ասել նրանք չեն կարող:
Իսկ ուժեղ ազդեցությունը մարդու նյարդային համակարգի վրա, բժիշկների կարծիքով, բացատրվում է նրանով, որ գյուղում ի հայտ են եկել նախկինում չուսումնասիրված վարակիչ հիվանդություններ: Ավելի ուշ հիվանդության պատճառների հետազոտման շրջանակներում փորձագետները միանգամից երեք հնարավոր տարբերակ են մշակել՝ ճառագայթման ազդեցություն, անորակ խմելու ջուր կամ կեղծ ալկոհոլի թունավորում: Սակայն հետազոտության նախնական արդյունքները չեն հաստատել եւ ոչ մի հիպոթեզ:




























