Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի միջամտի ներքին կոնֆլիկտին, որը տեղի է ունենում երկրում: Այն չի աջակցի ցուցարարներին, սակայն դեմ դուրս չի գա: Որոշ քաղաքական գործիչների առաջարկությունները բանակին միջամտել կոնֆլիկտի լուծմանը նա սադրանք է անվանել, հաղորդում է ТНС-ը:

«Դա բացառվում է»,- ասել է նախարարը: Նա նաեւ վստահեցրել է, որ Ուկրաինան օրինական ղեկավար ունի, եւ եթե ինչ-որ մեկը ցանկանում է գրավել նրա տեղը, թող ընտրություններում հաղթանակի: «Մենք պետության օրինական ընտրված նախագահ ունենք, թող դա իրականացնեն օրինական ճանապարհով՝ հաղթելով արդար ընտրություններում»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերն այն մասին, որ Կիեւում տանկեր են ուղարկվելու: Բանակում լուրերը մեկնաբանել են Չերնիգովում երկաթուղու վրա ռազմական տեխնիկայի ի հայտ գալով: