Նվազագույնը 91 մարդ զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել են լիբիական Սեբհա քաղաքում (մայրաքաղաքից 770 կմ հարավ) տուբու եւ աուլյադ Սուլեյման ցեղերի միջեւ բախումների հետեւանքով: Այդ մասին հաղորդում է արաբական Sky News Arabia հեռուստաալիքը:
Երկրի հարավում տուբու եւ աուլյադ Սուլեյման ցեղերի ներկայացուցիչների միջեւ բախումները սկսվել են հունվարի 10-ին: Հակամարտող կողմերի միջեւ կոնֆլիկտը նոր ուժով է սկսվել աուլյադ Սուլեյման ցեղի ոստիկանների հրամանատարի սպանությունից հետո, ում ցեղակիցները նրա մահվան մեջ մեղադրել են տուբու ցեղի ներկայացուցիչներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տուբու ցեղը, որի ներկայացուցիչները հիմնականում բնակվում են Չադում, Սուդանում ու Նիգերում, ինչպես նաեւ Լիբիայի հարավ-արեւելքում, մեծ դեր է խաղացել այսպես կոչված փետրվարի 17-ի հեղափոխության ժամանակ, որը վերաճել էր քաղաքացիական պատերազմի ու ավարտվել Մուամար Քադաֆիի տապալմամբ եւ նրա սպանությամբ:
Դրանից հետո ուժեղ կենտրոնացված իշխանության բացակայության պայմաններում իշխանության տապալմանը մասնակցած նախկին ընդդիմադիրների տարբեր խմբավորումների միջեւ բախումներ բռնկվեցին: Հաճախ զենքի օգնությամբ հակասությունները փորձում էին լուծել նաեւ տեղի ցեղերը: Ներկայիս իշխանությունները, չնայած բոլոր փորձերին, ի վիճակի չեղան երկրում անվտանգություն ապահովել:




























