ԱՄՆ-ը Ճապոնիայիցպահանջել է իր վերահսկողությանը հանձնել Տոկիոյի ունեցած 300 կգ բարձր աստիճանի հարստացված պլուտոնիումը, որից կարելի է մոտ 40-50 միջուկային լիցք պատրաստել: Սրա շուրջ բանակցությունները բարդ են ընթանում, սակայն ԱՄՆ իշխանությունները հույս ունեն արդեն մարտին պայմանավորվածության հասնել:

Ճապոնիան «սառը պատերազմի» տարիներին 331 կգ պլուտոնիում է ստացել առավելապես ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայից, որը հարստացրել է իր ատոմակայաններում: Ներկայումս Տոկիոն 293 կգ պլուտոնիում ունի, որը կարելի է օգտագործել միջուկային զենք ստանալու համար, ինչը մտահոգում է ԱՄՆ-ին:

Սկզբում Տոկիոն բացասաբար է ընդունել պլուտոնիումը ԱՄՆ-ին հանձնելու պահանջը, նշելով, որ դա հարված կհասցնի երկրում կատարվող գիտական մշակումներին: Սակայն Վաշինգթոնը կտրուկ ուժեղացրել է ճնշումը, եւ Տոկիոն ի վերջո, 2013-ին համաձայնել է լայնամասշտաբ քննարկումներ սկսել այդ հարցով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:
ԱՄՆ ներկայացուցիչները նշում են, որ Ճապոնիայում գտնվող պլուտոնիումը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: