Ամեն տարի ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով զոհվում կամ վիրավորվում է մոտ 10 հազար երեխա եւ դեռահաս: Այս մասին ասված է Յելի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Ջոն Լեւանտալի հետազոտության մեջ:
Գիտնականի եւ նրա հետազոտող խմբի տվյալներով՝ տարեկան կտրվածքով հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվում մոտ 7 հազար երեխա: Եւս մոտ 3 հազարը մահանում են դեպքի վայրում: Հիվանդանոց տեղափոխվածների մեջ մահացությունը կազմում է 6 տոկոս:
Վնասվածքների մեծ մասը երեխաներն ստանում են հարձակումների ժամանակ, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Pediatrics ամսագիրը, որտեղ հրապարակվել է հետազոտությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ փորձագետներն առաջարկում են խստացնել օրենսդրությունը եւ արգելել հրազենի վաճառքը մինչեւ 21 տարեկաններին: Ներկայումս նահանգների մեծ մասում օրինականորեն ատրճանակ կարող են գնել 18 տարին լրացած քաղաքացիները:
Գիտնականները նշում են, որ առավել հաճախ դեռահասները սպանություն են կատարում հենց 18-20 տարեկան հասակում:
Բարաք Օբամայի վարչակազմը փորձել է 2013-ի սկզբին համապատասխան օրենքների փաթեթ ընդունել, սակայն դրանք բավարար քանակի ձայներ չեն ստացել Կոնգրեսում, հաղորդում է «Ռոսբալտը»:




























