Հույս ունեմ, որ ԵԽԽՎ նոր նախագահն ավելի գիտակից մոտեցում կունենա ԼՂ հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Լուքսեմբուրգից ընտրված պատվիրակ, Լիբերալ-դեմոկրատների եվրոպական ալյանս խմբակցության անդամ Անն Բրասերը:
Նշենք, որ 2010-ի հոկտեմբերին նա, ի թիվս 40 պատվիրակների (այդ թվում թուրք եւ ադրբեջանցի), ստորագրել էր թիվ 445 հռչակագիրը՝ ԼՂ ենթահանձնաժողովի ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Դրանից որոշ ժամանակ անց, 2011-ի հունվարին, այդ ենթահանձնաժողովը նոր նախագահ ունեցավ՝ իսպանացի Խոդի Կսուկլա ի Կոստան: Ենթահանձնաժողովը դադարեցրել է իր աշխատանքը 2012-ին, երբ ԵԽԽՎ նախագահ դարձավ Ժան Կլոդ Մինյոնը, ով հայտարարել էր, որ այլ կազմակերպությունները չպետք է կրկնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը:
Այս առթիվ Արտակ Զաքարյանն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը այդ ենթահանձնաժողովի հարցում մնում է անփոփոխ: «Մենք դեմ ենք ԼՂ խնդրի քննարկմանը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս: Գործընթացը այլ հարթակ տեղափոխելու ցանկացած փորձ կմեծացնի անկայությունը տարածաշրջանում: Շնորհավորում եմ ԵԽԽՎ նոր նախագահին՝ ընտրության առթիվ եւ նրան հաջողություններ ցանկանում այդ աշխատանքում: Հույս ունեմ, որ նոր պաշտոնում նա ավելի գիտակից մոտեցում կցուցաբերի ԼՂ խնդրում: Նաեւ հույս ունեմ, որ նա առիթ կունենա այցելել Հայաստան եւ ծանոթանալ հանրապետության քաղաքական ուժերի դիրքորոշումներին»,-հավելեց Զաքարյանը:




























