Մայդանի կտիվիստ Սերգեյ Նիգոյանի սպանության հիմնական վարկածը քննությունը համարում է սադրանքը՝ հակամարտություն հրահրելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Ուկրաինայի հայկական բոլոր համայնքների ղեկավարների արտահերթ ժողովի ժամանակ հայտարարել է երկրի ՆԳՆ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Վիտալի Սակալը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
«Այսօրվա դրությամբ կան սպանության մի քանի վարկածներ , բայց հիմնականը անկարգությունների մասնակիցներից մեկի կողմից սպանության տարբերակն է, որի նպատակը հակամարտություն հրահրելն է եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ գործը ոստիկանության Պեչերյան շրջանային վարչությունից փոխանցվել է ՆԳՆ գլխավոր քննչական վարչությանը:
Սակալն ընդգծել է, որ քննիչները մինչ օրս չեն կարողանում պարզել ակտիվիստի սպանության կոնկրետ վայրը: «Մեր բազմաթիվ դիմումներին ոչ ոք տեղեկատվություն չի տրամադրել այդ մասին եւ դա բարդացնում է քննության ընթացքը: Մենք չենք դադարեցնում քննչական գործողությունները: Հայտնվել են վկաներ, որոնք ցուցմունքներ են տալիս, որ հունվարի 22-ին, ժամը 5-ի սահմաններում կրակոցներ են լսել ինչպես հակամարտության առաջին սահմանին, այնպես էլ ամբոխի ներսում»,-ասել է նա:




























