NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 26-ին Երեւան-Մոսկվա չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ուղեւորներն իրար ծեծել էին:

Պարզվում է՝ նրանցից մեկը ազգությամբ ռուս է՝ անունը Սերգեյ, մյուսը հայ՝ Հակոբ անունով: Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ մեր աղբյուրի, վիճաբանությունը սկսվել է նրանց միջեւ իրենց իրերը սրահի վերնամասում տեղադրելու պատճառով: Նախ լեզվակռվի են բռնվել, ապա ծեծել միմյանց:

Նշենք, որ Սերգեյը 32 տարեկան է, իսկ Հակոբը 42 տարեկան:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի Երեւան - Մոսկվա թռիչքի ժամանակ: NEWS.am-ի տեղեկություններով` հունվարի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Մոսկվա թռիչքի պատրաստվող օդանավը թռիչքուղուց հետ է վերադառնում, իսկ օդանավի անձնակազմը խնդրել է ոստիկանության ծառայող մոտենա: Պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի երկու ուղեւորներ օդանավի` թռիչքուղում գտնվելու ժամանակ վիճաբանել են, ապա ծեծել միմյանց: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: