Փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, որը մտնում է ալյումին և կավահող արտադրող աշխարհի խոշորագույն ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերության կազմի մեջ, արտադրական շահագործման է հանձնել անընդմեջ ձուլման ԱԲՊ-1600 ագրեգատը: Այժմ ձեռնարկությունում գործում է 3 ագրեգատ, դրանք թողարկում են 6-8 միլիմետր հաստությամբ ալյումինի ժապավեն, որից ստանում են փայլաթիթեղ:
Նոր ագրեգատի յուրահատկությունն այն է, որ այն ապահովում է մետաղի առավել պլաստիկ կառուցվածք, քան գերհաստոցների դեպքում: Այն փայլաթիթեղը, որը ստացվել է ԱԲՊ-1600–ի կիրառմամբ, առանձնանում է մեխանիկական այնպիսի հատկանիշներով, որոնք ապահովում են խոր դրոշմման բարձր որակը` ինքնաթիռային սննդի միանգամյա ալյումինե սպասքի պատրաստման համար:
«ԱԲՊ-1600–ի թողարկումը գործարանին թույլ կտա ոչ միայն հասնել նախագծային ցուցանիշներին, այլև հնարավորություն կստեղծի դուրս գալ նոր` առավել թանկ արտադրանքի շուկաներ: Բացի դրանից` ագրեգատի կայուն աշխատանքը հնարավորություն կստեղծի ժամանակին կատարել ծանրաբեռնվածությամբ շահագործվող գերհաստոցների տեխնիկական սպասարկումը և պլանային-կանխարգելիչ վերանորոգումը», — ասել է ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկը:
Հիշեցնենք, որ «ԱՐՄԵՆԱԼ»-ը ստեղծվել է Երևանում, 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, եւ որը Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողն է: Ընկերությունը 2000 թվականին մտել է «ՌՈՒՍԱԼ»-ի կազմի մեջ: 2009 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ն արտադրել է շուրջ 10 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 77%-ով ավել է անցած տարվա նույն ցուցանիշից: Գործարանում աշխատում է 670 մարդ:



























