Ապրիլի 15-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, ժամը 22.50-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել «ՎԱԶ 21015» մակնիշի 03 ՕԼ 144 եւ «Սուբարու» մակնիշի 13 ՕՏ 541 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Գարիկ Գրիգորյանը, տեղում զոհվել է:

Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից:

Պատահարի հետեւանքով ուղեւոր` 1988 թ. ծնված Վահան Սարգսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: