Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Հու Ցզինթաոյին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Չինաստանի եղբայրական ժողովրդին` Ցինխայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր:
Հայ ժողովուրդն իր վրա զգացել է նման տարերային աղետի ողջ ծանրությունը: Համաժողովրդական վշտի այս ծանր պահին մենք Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը եւ տոկունություն ու արիություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»:




























