ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումները վերջին երկու տարվա ընթացքում էվոլյուցիոն առաջընթաց են ապրել։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նման առաջընթացը պայմանավորելով նախագահի՝ քաղաքական տարբեր կուսակցությունների ղեկավարների, հասարակական գործիչների եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներով: Նա համոզմունք հայտնեց, որ իր այդ քայլով երկրի ղեկավարը փաստեց, որ համայն հայությունը միասնական է, եւ որ Սփյուռքի հետ հնարավոր պառակտման վտանգն այլեւս չկա. «Չնայած Հայաստանը փոքր պետություն է, սակայն նախագահի վարած արտաքին քաղաքականության արդյունքում մենք այսօր հետաքրքրության առարկա ենք դարձել. աշխարաքաղաքական երեւույթների փոփոխության հետեւանքով Հայաստանը ձեռք է բերել տարածաշրջանային գործոնի եւ անհրաժեշտ օղակի դեր, առանց որի նույն այս տարածաշրջանում հնարավոր չէ քաղաքական լուրջ որոշումներ կայացնել»,- ընդգծեց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրա ապացույցը ԱՄՆ-ի շահագրգռվածությունն է՝ ի դեմս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է խելացի կերպով օգտագործի Օբամայի եւ մյուս երկրների ղեկավարների՝ իր հանդեպ ցուցաբերած հետաքրքրասիրության պահը եւ ճշգրիտ օգտագործի այս եզակի հնարավորությունը։ «Մեզ համար այժմ մի պատուհան է բացվել, եւ որպեսզի այն փոքր փեղկ չդառնա, մենք պետք է կարողանանք երկրորդն էլ բաց անել։ Իսկ դա մեր հմտությունից է կախված»,- նկատեց Դեմոկրատական կուսակցության նախագահը։

Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի վերսկսման եւ տարածքների վերադարձի հավանականության թեմային՝ Ա. Սարգսյանն ընդգծեց. «Բացառում եմ, որ Հայաստանը տարածքային զիջումների գնա, որովհետեւ ո՛չ մեր երկիրը, ո՛չ էլ մեր երկրի ղեկավարությունը „գլխից ձեռք չեն քաշել“։ Իսկ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հոխորտանքները որեւէ հիմք չունեն՝ բացի փոքր եւ եզակի արկածախնդրություններից»,- ամփոփեց Դեմոկրատական կուսակցության նախագահը։