Ապրիլի 16-ին Հայ ազգային կոնգրեսի մոտ 500 կողմնակիցներ երթ են անցկացրել Հայաստանի վարչական դատարանի դիմաց: ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկաներին դիմելով հայտարարել է, որ Վարչական դատարանը կոպիտ կերպով խախտել է օրենսդրությունը՝ որոշելով «Հայռուսգազարդ»-ի դեմ կոլեկտիվ հայցը քննել գրավոր ընթացակարգով:

«Այսօր աննախադեպ ակցիա է տեղի ունենում, երբ 7230 ընտանիքներ իրենց ստորագրություններով կոլեկտիվ հայցով դիմել են դատարան եւ բողոքում են բնակչության համար գազի սակագնի տնտեսապես անհիմն եւ կտրուկ բարձրացման դեմ: Սակայն Վարչական դատարանը, իշխանությունների հրահանգով, անում է ամեն հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցնի այս գործընթացի հասարակական հնչեղությունը: Օրենսդրության համաձայն, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը պետք է քննարկվեն բանավոր, ոչ թե գրավոր ընթացակարգով: Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի ցույց տանք այդ հասարակական հնչեղությունը»,- ասել է Զուրաբյանը:

Փաստաբան Վահե Հովսեփյանը Վարչական դատարանին է հանձնել ակցիայի մասնակիցների դիմումը, որով նրանք պահանջում են դատավարությունն անցկացնել բանավոր ընթացակարգով: Դրանով ակցիան ավարտվել է:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 1-ից գազի մեկ խմ-ի սակագինը 96 դրամից դարձել է 132 դրամ՝ բարձրանալով 37,5 տոկոսով: Խոշոր սպառողների համար գազի սակագինը 1000 խմ դիմաց 215 դոլարից բարձրացել է հասնելով 243 դոլարի: