«Ներկայումս մեր տնտեսության մեջ չկան դրամի էապես արժեզրկման ֆինանսատնտեսական հիմքեր, անգամ հակառակը` մեր տնտեսությունը դրամազրկված է, ինչն առաջիկայում պատճառ է հանդիսանալու տնտեսության չզարգանալու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Քաղաքականությունը չի կարող կիսատ լինել։ Կա’մ իշխանությունները պետք է անցնեն կառավարվող փոխարժեքի, կա’մ շարունակեն լողացող փոխարժեքի քաղաքականությունը: Մեր երկրի նման տնտեսություններում, դրամի արժեզրկման զսպումն արտարժութային ներարկումների միջոցով՝ անհեռանկար գործ է: Փոխարժեքը զսպանակ է, եւ ինչքան ուժեղ սեղմես, այնքան ուժեղ է տատանվելու»:
Հարցին, թե այդ պարագայում ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը, որը թեեւ վերջին օրերին կանգ է առել, սակայն մինչ այդ բավականին կտրուկ արժեզրկվել էր, նա պատասխանեց. «Դրամի արժեզրկումը մի կողմից հետեւանք է իրականացվող քաղաքականության նկատմամբ հասարակության մեջ ձեւավորված անվստահության, մյուս կողմից մենք ունենք փողի փախուստ երկրից: Դրան գումարվում է նաեւ մասնավոր տրանսֆերտների հոսքի նվազումը»:




























