Հայաստանի Հանրապետական կուսակցությունում երբեք վարչապետի և կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել: Այս մասին փետրվարի 5-ին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալի հետ կապված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերին:

«Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այդ հրաժարականով, խորհուրդ կտամ սառը ջուր խմել և հանգիստ քնել: Պարոն վարչապետը որեւէ կապ չունի այդ շինծու, մտացածին փաստի հետ»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ վարչապետն ինքն էլ հայտարարել է, եւ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որ դատական ատյանները պարզեն, թե իրականում ինչ է եղել: