Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այսօր չի հասցրել ժամանել Լեհաստանի նախագահի եւ նրա կնոջ հուղարկավորությանը։

Ինչպես հայտնում է Կավկազ-Պրեսսը, լրագրողների հետ զրույցի ժամանակ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ դեպի Լեհաստան թռիչքն անհնար է դարձել Եվրոպայում տարածված հրաբխային ամպի պատճառով։ Նա Թբիլիսիի օդանավակայանից հայտնել է, որ 6 հոգանոց պատվիրակության Լեհաստան մեկնելը չեղյալ է հայտարարվել. «Մենք անկեղծորեն ցավում ենք, որ չենք կարող վերջին հրաժեշտը տալ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկուն, ով Վրաստանի մեծագույն բարեկամն էր եւ դժվար օրերին օգնում էր մեզ։ Մենք հուսով ենք, որ մեզ կհասկանան, որովհետեւ այնտեղ մեկնել չկարողանալու մեր պատճառներն օբյեկտիվ են»,- հայտարարել է նա։ Բաքրաձեն հույս է հայտնել, որ վաղը Լեհաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Վրաստանի նախագահը կընդհատի իր այցը ԱՄՆ այն բանի համար, որպեսզի Կրակովում հրաժեշտ տա Լեհաստանի նախագահին։ Դրանից հետո նա կրկին Նյու Յորք կվերադառնա։