Քիշնեւում բողոքի գործողություն է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Մերձդնեստրում «պետական դավաճանության» մեղադրանքով ձերբակալված Էռնեստ Վարդանյանի:
Հավաքվածները ռումիներեն եւ անգլերեն լեզուներով պաստառներ են պահել՝ պահանջելով ազատ արձակել լրագրողին: Նրանք նաեւ ստորագրահավաք են կազմակերպել: Բողոքի գործողությունը կազմակերպել են նախկինում անհայտ Axix Mundi կազմակերպությունը, հաղորդում է ՌԻԱ «Դնեստրը»՝ վկայակոչելով Մոլդովայի իր աղբյուրները:
Նշենք, որ Հայաստանում հատուկ կայք է գործարկվել՝ ի պաշտպանություն լրագրող, «Նովի ռեգիոն»-ի մեկնաբան Էռնեստ Վարդանյանի: Լրագրողի պաշտպանները, հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայություն, Մերձդնեստրի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում նախաձեռնող խմբեր են ստեղծվել, բանկերում հաշիվ է բացվել նրա ընտանիքին օգնելու համար: Հայտնի է, որ իրավապահներն առգրավել են նրա բանկային քարտերը:
33-ամյա Վարդանյանը ձերբակալվել է ապրիլի 7-ին եւ մեղադրվում է Մոլդովայի օգտին լրտեսություն անելու մեջ: Լրագրողին սպառնում է 12-20 տարվա ազատազրկում:



























