«Սինեմա Սթար» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց:
Տարածած հաղորդագրության մեջ կինոթատրոնի ղեկավարությունը նշել է, թե «որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»:
«Բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձավ «ընտանեկան տարածք» եւ երեւանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ:
Վստահեցնում ենք, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» հավատարիմ կմնա իր քաղաքականությանը եւ կշարունակի հայաստանյան հանդիսատեսին ուրախացնել համաշխարհային կինոյի նորույթներով` եվրոպական ու ռուսաստանյան պրեմիերաներին զուգընթաց:
«Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերայի նախօրոք ամրագրված տոմսերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կինոթատրոնի տոմսարկղերում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այդուհանդերձ, «Սինեմա Սթարը» չի մանրամասնել, թե ովքեր են եղել այդ «մի շարք քաղաքացիներն ու հասարակական խմբերը»:



























