«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ առնչություն չունի ապրիլի 17-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածում տեղի ուենցած քրեական «ռազբորկային»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Դիտարկմանը, թե միջադեպին մասնակցողների մեքենաների մի մասը եղել են «8»-երով համարներով, իսկ ըստ ականատեսների, կռվարարների մի մասի կրծքին ԲՀԿ կրծքանշաններ են եղել, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, թե նման տեղեկատվության չի տիրապետում:
NEWS.am-ն արդեն հաղորդել է, որ ապրիլի 17-ի երեկոյան Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Ռազմական ակադեմիայի մոտ լուրջ ընդհարում է եղել, եւ ոստիկանությանը հազիվ է հաջողվել կանխել արյունահեղությունը: Դեպքի վայր էին ժամանել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, այլ ոստիկաններ ու կարմիրբերետավորներ: Ձերբակալվել են մոտ 4 տասնյակ անձինք՝ հիմնականում քրեական հեղինակություններ: Որոշ տեղեկություններով՝ «ռազբորկայի» մասնակիցների մի մասը եղել են Աբովյան քաղաքից եւ ԲՀԿ-ի կրծքանշաններով:




























