Հայաստանի ոստիկանությունը երկու օր ուշացումով վերջապես որոշել է անդրադառնալ շաբաթ օրը՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում տեղի ունեցած քրեական «ռազբորկային»՝ ոչ ավել, ոչ պակաս այն «զանգվածային անկարգություն» որակելով:

«Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե զանգվածային անկարգությունը չկանխվեր ոստիկանների օպերատիվ ու կտրուկ գործողությունների շնորհիվ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ ապրիլի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմացի այգում խուլիգանություն է կատարվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Քրեյզի հորս» սրճարանի հետնամասում ականատես են եղել խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ: Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվել է ու նախազգուշական կրակոց արձակվել: Տիրապետելով օպերատիվ իրավիճակին՝ ոստիկաններն իրականացրել են խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու ձերբակալումը: Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը կալանավորվել են:

Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ: Այդ թվում՝ 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեվետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված:

Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ: Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Ոստիկանությունը հերքել է նաեւ, թե անկարգության մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ են: Հիշեցնենք, որ ըստ ականատեսների՝ անկարգության մասնակիցները եղել են ԲՀԿ կրծքանշաններով, իսկ գիշերային ակումբի մոտ մեծ քանակությամբ արտասահմանյան մեքենաներ են եղել: