Մերձդնեստրի հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 7-ին ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նամակում լրագրողի հարազատները Արա Աբրահամյանից խնդրում են հասնել այն բանին, որ փոխվի Էռնեստ Վարդանյանի խափանման միջոցը, ապահովվի նրա պաշտպանության իրավունքը փաստաբանի միջոցով, որին կընտրեն լրագրողի հարազատները, ապահովվի բաց դատական գործընթաց եւ դրանում մարդու իրավունքի Եվրոպական կոնվենցիայի կատարումը:

Հիշեցնենք, որ Էռնեստ Վարդանյանը մեղադրվում է Մոլդովայի օգտին լրտեսություն անելու եւ պետական դավաճանության մեջ, եւ նրան սպառնում է 12-20 տարի ազատազրկում, եթե հաստատվի մեղադրանքը: Հայ լրագրողի ձերբակալությունն արդեն դատապարտել են միջազգային հեղինակավոր լրագրողական կազմակերպությունները, ինչպես նաեւ ամերիկյան կառավարությունը:

Լրագրողի հարազատները նշում են, թե Էռնեստի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը դատարանը կայացրել է փակ, թույլ չեն տվել հարազատների ու պետական փաստաբանի ներկայությունը: Մինչ օրս թույլ չեն տալիս անկախ փաստաբանի տեսակցությունը լրագրողի հետ: Թույլ են տրվել նաեւ այլ ապօրինություններ: Էռնեստի հարազատները մտահոգ են նրա առողջական վիճակով:

30-ամյա լրագրողը գյումրեցի է եւ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Մոլդովա: Ավարտել է Քիշնեւի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, Մոլդովայի հայերի միության վարչության անդամ է: Ունի երկու անչափահաս երեխա` 6-ամյա տղա եւ 9-ամյա աղջիկ: Հետագայում նա տեղափոխվել է Տիրասպոլ, աշխատել այդտեղի լրագրերից մեկում, որից հետո աշխատանքի է անցել Մոլդովայի մայրաքաղաքում: