«Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում ապրիլի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հնարավոր է, հետ մղեն կղզու վերամիավորման մասին բանակցությունները»,- գրում է բրիտանական Guardian-ը։ Թուրք ազգայնական Դերվիշ Էրողլուի հաղթանակի ֆոնին, սակայն, Թուրքիայի վարչապետ Էրդողանը համոզված է, որ բանակցությունները կշարունակվեն։
Ինչպես նշում է թերթը, փորձագետներից շատերը համակարծիք են, որ կիպրական հարցը Թուրքիայի ԵՄ մուտք գործելու նախապայմաններից է։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են քննարկել միայն Եվրամիությանը Թուրքիայի արտոնյալ անդամակցության հարցը։
Համաձայն Guardian-ի՝ Էրդողանի դիրքորոշումը մի շարք հարցերի հանդեպ, մանավանդ՝ Հայոց ցեղասպանության պատճառով ԱՄՆ-ի հետ վեճը, Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ անհամաձայնությունը եւ Իսրայելի հանդեպ քննադատությունը կարող են հետաձգել Թուրքիայի ԵՄ մուտք գործելը։




























