Բիշքեկում մի քանի հարյուր մարդ ճեղքել են պահպանության շրջափակումն եւ ջարդարարություն սկսել կենտրոնաասիական տարածաշրջանում խոշորագույն «Դորդոյ» ապրանքային շուկայում:
Միեւնույն ժամանակ, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Բիշքեկի հարավային ծայրամասերից քաղաքի կենտրոն է շարժվում մի քանի հարյուր հոգանոց ամբոխ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թալանի վտանգի պատճառով «Դորդոյ» շուկան ժամանակավորապես փակ է:
Ոստիկանության աշխատակիցների տվյալներով, վախենալով թալանչիներից՝ առեւտրականները փակել են իրենց կոնտեյներները: Առեւտրականների փոխանցմամբ, արդեն իսկ թալանի նպատակով հարձակումներ են արձանագրվել:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաընկերությունը, Բիշքեկի արվարձաններում ինքնաբուխ հանրահավաքներ են ընթանում, որի մասնակիցները հողակտորներ են պահանջում՝ մերժման դեպքում խոստանալով տապալել նաեւ ժամանակավոր կառավարությանը: Ցուցարարները փաստացի պատանդ են վերցրել քաղաքապետին:
Արվարձրաններում արդեն հողակտորների ինքնագլուխ խլելու դեպքեր են գրանցվել: Մայովկա գյուղում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 5, վիրավորվել 28 հոգի:




























