Մոսկվայում սկսվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյան ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության եւ միջազգային խնդիրներ:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, ՌԴ նախագահը ջերմորեն ողջունել է իր հյուրին, նշելով, որ իրենք պարբերաբար հանդիպում ու շփվում են: Նա Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր:

«Այն, ինչ մենք անում ենք նախանձելի աստիճանի հաճախականությամբ, շատ կարեւոր է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող վստահության ամրապնդման եւ փոխըմբռնման, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերության ոգու համար»,- ընդգծել է Մեդվեդեւը:

Իր հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախապես շնորհակալություն հայտնելով Մոսկվա հրավերի համար, առաջարկել է քննարկել ԼՂ խնդիրը: Նա հայտնել է, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը ակտիվ աշխատում է եւ շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին՝ Երեւանում գիտա-ինովացիոն կենտրոն բացելու համար:

ՀՀ նախագահը նաեւ ասել է, որ ներկայումս Հայաստանի կառավարությունը Երեւանում ՌԴ դեսպանատան հետ համատեղ «ինտենսիվ աշխատանքներ է տանում հայ-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված հուշարձանային համալիրի վերականգնման ուղղությամբ»: