Եվրոպայի օդային տարածքը բաց է թռիչքների համար: Այդ մասին հայտարարել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության նախագահ Ռոբերտո Կոբե Գոնսալեսը:

Ապրիլի 21-ից սկսած աստիճանաբար բացվում են եվրոպական օդանավակայանները, որ փակվել էին Իսլանդիայի հրաբխի ժայթքման հետեւանքով: Բայց քաոսը, որ առաջացել է ավիահաղորդակցության մեջ, դեռ չի հաղթահարվել:

Բացի այդ, գիտնականները մտավախություն ունեն, որ հրաբխային մոխրի նոր արտանետումներ կլինեն մթնոլորտ:

Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի, այսօր Եվրոպայի խոշորագույն լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանում վայրէջք է կատարել ուղեւորատար օդանավը՝ առաջինը 6 օրվա ընթացքում: British Airways ընկերությունը հույս է հայտնել, որ եւս 24 չվերթներ կընդունվեն ԱՄՆ-ից, Աֆրիկայի երկրներից եւ Ասիայից:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, նախօրեին բացվել են Հայաստանից Եվրոպա 9 չվերթներից 8-ը: