«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի „ցեղասպանություն“ բառը»,- այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով. «Ես կարիքը չունեմ, որ ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը ասի մի բան, որը ես գիտեմ: Ես չեմ սպասում, որ Շվեդիայի կամ այլ երկրի խորհրդարան հայտարարի Ցեղասպանության մասին, որի մասին ես առանց այդ էլ գիտեմ: Շատ ավելի կարեւոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»:
Այդ իմաստով, քաղաքագետը կարեւորեց այն, որ առաջին անգամ ապրիլի 24-ին Ստամբուլի սրտում թուրք մտավորականները ցույց են կազմակերպելու՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի:
Այնուհետեւ անդրադառնալով Սփյուռքի խնդիրներին՝ Ռ. Կիրակոսյանն ասաց, որ մինչ օրս սփյուռքահայի համար շատ դժվար է ապրել Հայաստանում, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք պետք է վերացնել: «Սփյուռքահայը ոչ թե մեկ շաբաթով հյուր եկող պետք է լինի, այլ շատ ավելի պետք է կապված լինի Հայաստանի հետ: Ամոթ է, որ մենք կարող ենք հաշվել այն սփյոռքահայերին, որոնք ապրում են Հայաստանում»,- ասաց քաղաքագետն ու հավելեց. «Բայց մյուս կողմից չպետք է գերագնահատել Սփյուռքի դերը: Հայաստանի հիմնական մարտահրավերը ժամանակակից հասարակություն ստեղծելն է եւ Հայաստանը պետք է առաջնորդող լինի այդ հարցում»,- նշեց քաղաքագետը:




























