Պետեկամուտների կոմիտեն երկրի 344 խոշոր ընկերությունների մասին տեղեկատվություն է հրապարակել։

Ապրանքների իրացումից ստացված հասույթն ընթացիկ տարվա փետրվարին՝ անցած տարվա փետրվարի համեմատ, աճել է 19.9 տոկոսով՝ կազմելով 143.2 մլրդ դրամ։ Դժվար չէ հաշվել, որ փետրվարին այդ ընկերություններից յուրաքանչյուրի եկամուտը կազմել է 0.4 մլրդ դրամ կամ 1.1 մլն դոլար։

Վերոնշյալ 344 հարկատուներից եկամուտների ընդհանուր աճ ապահովել են շուրջ 200 ընկերություններ, իսկ 120 ֆիրմաներ փետրվարին անկում են գրանցել։

Առավել լավ ցուցանիշներ են գրանցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ալեքս Գրիգը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Ռուսալ Արմենիան», «ՀայՌուսգազարդը», «Դինո Գոլդ Մայնինգը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Սիթի Փեթրոլ Գրուպը» եւ «Մաքուր երկաթի գործարանը»։ «Ոսկե» տասնյակը ընթացիկ տարվա փետրվարին ընդհանուր առմամբ 213 մլրդ դրամի եկամուտների աճ է ապահովել։

Այս տվյալները թույլ են տալիս հանգել երկու ոչ մխիթարիչ եզրակացությունների։ Առաջինը՝ եկամուտների առումով նախկինի նման խոշոր ընկերություններ շարունակում են մնալ բնական մենաշնորհների եւ լեռնաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները։ Երկրորդ՝ մեր տնտեսությունում պահպանվում է (եւ երկար կպահպանվի) կենտրոնացվածության բարձր աստիճանը…

Թե ինչի է հանգեցնում դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունում, ցույց են տվել անցած տարվա դասերը։ Երբ Հայաստան հասավ համաշխարհային ճգնաժամի ալիքը, շատ «խոշորների» գործերը վատացան։ Այս փաստն անմիջապես անդրադարձավ երկրի տնտեսության վրա ընդհանրապես (ՀՆԱ-ն 2009 թ.՝ անցած տարվա համեմատ, կրճատվեց 14.4 տոկոսով) եւ պետբյուջեի եկամուտների վրա՝ մասնավորապես (անկում 15.9 տոկոսով)։