Այսօրվա կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հասարակական կազմակերպությունների կողմից իրեն ուղղված բաց նամակին, որում կոչ էր արվում ապրիլի 24-ին փակել զվարճանքի օբյեկտները: Հիշեցնենք, որ այդ նամակը ստորագրել էին Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, ՍԴՀԿ «Արչիլ Գորկի» մշակութային միությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» Երիտասարդների միաբանությունը, Ազատամարտիկների զավակների «Փառքի պահապաններ» երիտասարդական միավորումը եւ «Ադանա» հայրենակցական միությունը:

Այս առնչությամբ Տ. Սարգսյանն ասել է. «Նրանք հորդորում են, որպեսզի ապրիլի 24-ին զվարճանքի հաստատություններն աշխատանքներ չծավալեն: Կարծում եմ, որ այստեղ կառավարության միջամտության կարիքը չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այս հարցում ունի միանշանակ մոտեցում եւ վերաբերմունք: Մեր բոլորի պարտքն է հիշատակի այդ օրը նշել, եւ մեր երիտասարդների եռանդն էլ ուղղված պետք է լինի մեր հանրությանը, հասարակությանը, որպեսզի այդ օրն այցելեն Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերի հիշատակին, եւ կարծում եմ` պարտադրանքը հարիր չէ կիրառել ապրիլի 24-ին»: