Ռուսաստանի տրանսպորտի նախարարության խորհրդական Ա.Տրուբիցինը հայտարարել է, թե Սեւ ծովի շուրջ կառուցվելիք ավտոմայրուղու աշխատանքների խոչընդոտման հիմնական պատճառը Վրաստանն է:

Ռուս պաշտոնյան նշել է, թե չնայած Վրաստանը ստորագրել է հուշագիրը, բայց Վրաստանով անցնող հատվածի վերաբերյալ դեռ հստակություն չկա:

«Գազետա.ռու» պարբերականի տվյալներով, Վրաստանը դեռ իր պատասխանները չի ներկայացրել ավտոմայրուղու կառուցման համար ստեղծված հանձնաժողովին, բայց հավանաբար սեպտեմբերին տեղի կունենա հանձնաժողովի նիստը, որտեղ էլ հարցը վերջնականապես կլուծվի:

Հիշեցնենք, որ «Սեւծովյան օղակ» (HWBSR) նախագիծը նախատեսում է Սեւ ծովի ողջ ափով բարձր թողունակությամբ, մոտ 7140 կմ երկարությամբ մայրուղու կառուցում: Մայրուղին բաղկացած է լինելու երկու, ֆիզիկապես իրարից անջատ հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է նվազագույնը երթուղագիծ:

Նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի կողմից՝ 2006թ.-ին եւ ներկայացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից-երկրներին: 2007թ. Բելգրադում 12 մասնակից-երկրները համաձայնագիր են ստորագրել, իսկ անցած տարվա աշնանը համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Հատկանշական է, որ Ադրբեջանից, «Սեւծովյան օղակ»-ով ճանապարհն անցնում է Հայաստանով: Երկու երկրներն էլ ՍԾՏՀ անդամներ են:

Ճանապարհն իրար է միացնում Թուրքիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ռումինիան եւ Բուլղարինա: Նախագծով նախատեսվում է մեկից ավելի ճյուղավորում, ինչի արդյունքում «Սեւծովյան օղակին» կմիանան Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, եւ Սերբիան: Հիմնական ճանապարհը կանցնի Ստամբուլ (Թուրքիա)- Սամսուն (Թուրքիա)- Տրաբզոն (Թուրքիա)- Բաթումի (Վրաստան)- Փոթի (Վրաստան)- Նովոռոսիյսկ (Ռուսաստան)- Ռոստով Դոն (Ռուսաստան)- Տագանրոգ (Ռուսաստան)- Մարիուպոլ (Ուկրաինա)- Մելիտոպոլ (Ուկրաինա)- Օդեսա (Ուկրաինա)- Քիշինեւ (Մոլդովա)- Բուխարեստ (Ռումինիա)- Խասկովո (Բուլղարիա)- Կոմոտինի (Հունաստան)- Ալեքսանդրուպոլիս (Հունաստան) երթուղով: