Այսօր` ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ 2009-ի դեկտեմբերին Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա, որի ընթացքում տեղի էր ունեցել նրա եւ GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը: Հանդիպման արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ GS Engineering and Construction ընկերության միջեւ կնքվել է համաձայնագիր:

Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ փոխանցել GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատել Հայաստան այցելելու նրա ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Հարավային Կորեայի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում: GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի: