Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսում հայ ընտանիքի երեք անդամների սպանության մեջ կասկածվող անձին, որը եւս ազգությամբ հայ է:
«AMGA» հեռուստաալիքի փոխանցմամբ, քաղաքի ոստիկանական վարչությունը հայտնել է նաեւ մարդասպանի անունը՝ Ալբերտ Թերսարջյան: Նշվում է նաեւ նրա տարիքը՝ 50-ին մոտ, սակայն առայժմ ոչինչ չի նշվում սպանության դրդապատճառների մասին:
Հիշեցնենք, որ 38-ամյա Կարինե Հակոբյանը սպանվել է մարտի 26-ին: Նրա դին՝ ծոծրակի մասում հրազենային վնասվածքներով, սեփական մեքենայի մոտ հայտնաբերել էր 14-ամյա դուստրը: Կարինե Հակոբյանի ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինեն սպանվել էին 2008 թվականի դեկտեմբերի 11-ին: Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել էին Երեւանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել 2003 թվականին:




























