Այսօր` ապրիլի 23-ին Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է, որի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը միջոցառումներ է կազմակերպել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալու է Ցեղասպանության թեմայով, նաև պետական պատվերով հրատարակված և հրատարակիչների ներկայացրած այլ գրականության ցուցահանդես, «Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության» խորագրով պաստառների մրցույթ-ցուցահանդես, կլոր սեղան «Հեղինակային իրավունքը Հայաստանում» խորագրով, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ- օրենքի նախագծի մասին, գրական ստեղծագործությունների հիմքերով նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ:
Հիշեցնենք, որ 1995թ. Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը իր հարգանքի տուրքը մատուցելով գրքերին և հեղինակներին, քաջալերելով և հորդորելով բոլորին, հատկապես երիտասարդներին՝ հաճույք ստանալ ընթերցանությունից, հարգանքով վերաբերվել բոլոր նրանց, ովքեր անփոխարինելի դերակատարում են ունեցել մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին, ապրիլի 23-ը հռչակում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր:




























