Ապրիլի 22-ի, լույս 23-ի գիշերը Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Գուրջաանի տարածքի Վելիսցիխե գյուղից արտակարգ կարգով տարհանվել են 600 ընտանիքներ: Ինչպես հաղորդում է «Կավկազ-պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, նման միջոցներ ձեռնարկվել են բնապահպանական մեծ վտանգի պատճառով։ Վտանգ կա, որ կփլվի Չերեմի գյուղի ջրամբարի ամբարտակը, ինչի արդյունքում Վելիսցիխ գյուղը կարող է հայտնվել ջրի տակ:

Բնակչության տարհանմամբ զբաղվել է պարեկային ոստիկանությունը: Մասնակցել են ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարար Գոգա Խաչիձեն ու տեղական վարչակազմը:

Խաչիձեն հայտնել է լրագրողներին, որ հեղեղման վտանգը շատ մեծ է, հատկապես անձրեւի պայմաններում, ինչը կարող է հանգեցնել մեծաթիվ զոհերի: