«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տարեկան շուրջ 200 հազար այցելու է ունենում, եւ հենց այստեղ է, որ միլիոնավոր մարդիկ հասու են դառնում Ցեղասպանության վավերագրերին։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջի վիրտուալ այցելուները»,- ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նշելով, որ այս տարի լրանում է թանգարան-ինստիտուտի 15-ամյակը՝ նա հայտարարեց, որ շենքի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, մինչեւ 2015 թվականը, այսինքն՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ծրագրվում է կառուցել թանգարան-ինստիտուտի եւս մեկ մասնաշենք, որտեղ ներկայացված կլինեն Ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական գործեր, կլինեն համակարգչային տեխնիկայով հագեցած մեկ սենյակ, ֆիլմերի ցուցադրման երկու դահլիճներ։
«Թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում նախատեսվում է հիմնել 30-40 համակարգիչներով եւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սրահ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից դասասենյակներ, ուր հնարավոր կլինի դասաժամեր կազմակեպել աշակերտների համար, ֆիլմերի ցուցադրության երկու դահլիճներ, ինչպես նաեւ գրախանութ-սրճարան»,- տեղեկացրեց Դեմոյանը՝ հավելելով, որ նոր մասնաշենքի շինարարությունը կավարտվի ամենաուշը 2015 թվականին։ «Բացի մեր կողմից ձեռք բերված եզակի ցուցանմուշների, թանգարան-ինստիտուտի այցելուները նոր մասնաշենքում հնարավորություն կունենան լսել Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ձայնագրություններ, դիտել 1915 թ. դեպքերի մասին պատմող հոլովակներ, տեսնել բացառիկ նմուշներ, որոնք այցելուներին առավել խորքային կերպով կծանոթացնեն Թուրքիայում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններին»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։




























