Ավստրիայի տարածքով «Հարավային հոսք» գազատարի շինարարության համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-25-ն այդ երկիր կատարելիք այցի ընթացքում:
Պուտինը Ավստրիական Հանրապետություն կայցելի աշխատանքային այցով: Այցի ծրագիրը նախատեսում է հանդիպում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, հաղորդում է RBC-ն:
Ավստրիան՝ «Հարավային հոսք» նախագծի վերջին մասնակից անդամն է, որը դեռ չի ձեւակերպել շինարարության պայմանավորվածությունները, բայց պատրաստ է ձեւակերպել համաձայնագիրը:
Ավստրիայի հետ պայմանագիրը կծածկի անհրաժեշտ բոլոր իրավական ձեւակերպումները՝ գազատարի շինարարության համար: Ռուսաստանն արդեն միջկառավարական համաձայնագրեր է ստորագրել Բուլղարիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի եւ Խորվաթիայի հետ: Նախագծին միանալու ցանկություն ունի նաեւ Ռումինիան:
Գազատարը պետք է անցնի Սեւ ծովի հատակով, բաժանվի երկու «ճյուղի», որոնցից մեկը գնալու է Ավստրիա, մյուսը՝ Իտալիա:




























