Արդշինինվեստ բանկի միջոցով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարողացել են ստանալ իրենց պապերի ապահովագրված գումարները, որոնք պահ են տրված եղել AXA ֆրանսիական ընկերությանը: Ինչպես հայտնել է Արդշինինվեստ բանկի ղեկավարը, մինչ օրս տրվել է 248 հազար 109 դոլարի փոխհատուցում 56 անձանց` հնարավոր 996-ից:

Վճարումները սկսվել են այս տարվա փետրվարից՝ կապված նախնիների ունեցած ներդրումներից: AXA-ի վճարման չափը բանկում կանխիկացված ամերիկյան չեկերով տատանվում են 500 դոլարից մինչեւ 24 հազար դոլար: Բանկային գաղտնիք է, թե ովքեր են AXA-ից գումար ստացողները:

Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության, 996 ժառանգների աշխարհի տարբեր երկրներում AXA ընկերությունը պարտավորվել է փոխհատուցել 11,5 միլիոն դոլար: Եւս 6 միլիոն կստանան բարեսիրական գրասենյակներն ու «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ AXA-ի դեմ դատական գործը հարուցած փաստաբանների եռյակը: Այդ երկու ընկերություններից ստացվող ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 37 միլիոն դոլար, որը Արեւմտյան Հայաստանի հայերից խլվածի հազարերորդ մասն է միայն: