Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը NEWS.am-ին հաղորդել է, որ այսօր Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին (Գերմանիա)։

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանն ուղղված պարոն Բիրկհոֆերի ջանքերը։ Նախագահ Սարգսյանը չափազանց կարեւորել է էներգետիկ անվտանգության խնդիրներն ընդհանրապես, եւ միջուկային անվտանգությունը` մասնավորապես։ Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ միջուկային անվտանգության խնդիրների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը բավականին մեծացել է, եւ վերջերս Վաշինգտոնում կայացած գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը դրա լավագույն վկայությունն է։

Ադոլֆ Բիրկհոֆերը բարձր է գնահատել հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ նախագահի գլխավորությամբ կառավարության կատարած աշխատանքը։

Կողմերը քննարկել են ԱԷԿ-ի հետագա շահագործմանը, նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր։