Ակնհայտ է, որ Հայաստանի համար շատ դժվար է եղել ընտրություն կատարել, թե ինչ դիրքորոշում որդեգրի Ղրիմի շուրջ դեպքերի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, «Ուկրաինական ճգնաժամ. Դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա» սեմինր քննարկման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի քիչ դրական արդյունքներից մեկն այն է, որ նույնիսկ դա ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը երկաթբետոնե է եւ այդպես էլ կմնա:

«Ավելին, Մինսկի խումբը պետք է ոչ միայն մեզ: Կան որոշակի դեպքեր, երբ Մինսկի խումբը պետք է հենց խմբին, քանի որ եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին, եւ Ֆրանսիային, թեեւ Ուկրաինայի շուրջ հակասություններին, երբեմն պետք են մեխանիզմներ, որոնք կցուցադրեն, որ գերտերությունները որոշակի շփումներ պահպանում են՝ համագործակցության զարգացման համար»,-ընդգծել է Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահամանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:

Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը: Մարտի 19-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը: Մարտի 21-ին, Ուկրաինան հետ էր կանչել իր դեսպանին: