Հետաքրքիր է, որ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), որտեղ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է գերմանական կապիտալին՝ «Chronimet» ընկերությանը, այդպես էլ չհայտնվեց մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» միջազգային համաժողովին, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանատունը համաժողովի կազմակերպիչներից մեկն էր, ինչպես եւ ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, Կանադայի կառավարությունը եւ հանքարդյունաբերական ընկերությունները։
Զանգեզուրի կոմբինատի անունը բազմիցս հիշատակվեց տարբեր ելույթներում։ Հատկապես հպարտանում էր կառավարությունը՝ ԶՊՄԿ-ին նշելով որպես ամենախոշոր հարկատուի։ Բայց ընկերությունը համաժողովի մասնակիցներին չներկայացրեց իր գործունեությունը, լռեց այն մասին, որ թե ինչպես է ընկալում պատասխանատվությունը, երբ անչափ մեծացնում է հանքաքարի արդյունահանումը՝ լեռնային կիրճերի եւ գետերի մեջ լցնելով միլիոնավոր տոննաների հասնող թափոններ։ Տարեկան ընկերությունը պաշտոնապես վերամշակում է 17 միլիոն տոննա հանքաքար, որ ընդլայնում է Արծվանիկի պոչամբարի տարածքը մոտակա գյուղերի հաշվին, որոնք չգիտեն, թե ուր գնան աղտոտված դաշտերից եւ ինչ անեն երեխաների հետ, որոնց մազերում մկնդեղ կա, որ պոչատար խողովակաշարի մշտական վթարների համար վճարում է «ահավոր մեծ» գումար՝ 300-ից 1000 դոլլար, որ ռեկուլտիվացված պոչերը լցվում են գետերը, եւ որ դա նորմալ պրակտիկա է Հայաստանի համար, որտեղ բոլոր օրենքները եւ որոշումները փոխարինվում են քաղաքական կամքով։




























