Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը։

Առաջին եռյակում նույն ընկերություններ են, որոնք այդ դիրքերում էին նաեւ անցած տարի։ Սակայն փոխատեղություն է տեղի ունեցել. պետբյուջե ռեկորդային 5.2 մլրդ դրամ վճարած «Հայռուսգազարդը» նախորդ տարվա երկրորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական։ Իր դիրքերը «գազային» մենաշնորհային դիրքեր ունեցողին զիջած «Ալեքս Գրիգ» ընկերությունը (Այս ընկերությունը կատպանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին), 4.5 մլրդ դրամ վճարած հարկերով, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղը գրավել է «ԱրմենՏել» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է գրեթե 3.5 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետբյուջե ավելի քան 97.5 մլրդ դրամ հարկ են վճարել։ Այսպիսով, վերոնշյալ երեք ընկերություններն ապահովել են 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի 14 տոկոսը։