«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին արդեն երրորդ շաբաթն է՝ աշխատավարձ են խոստանում, սակայն չեն տալիս: Տնօրինությունն ապրիլի 3-ին նորից խոստացել է առաջիկա շաբաթ աշխատավարձերը փոխանցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:

«Երեկ ասացին, որ փող չունեն: Արդեն երրորդ շաբաթն ա, որ չեն տալիս: Հիմա էլ խոստացել են, որ առաջիկա շաբաթ կտան: Ավելի քան 15 ամսվա աշխատավարձ են պարտք, բայց հիմա մեկ ամսվանն են խոստացել, որը սակայն նորից չեն տալիս»,- ասաց նա:

Հարցին՝ ինչու են գործարանի աշխատակիցները դադարեցրել ցույցերն ու պայքարը, մեր զրուցակիցն ընդծեց. «Ժողովուրդը վախեցած ա, դրա համար էլ ոչ մի բան չեն անում: Տնօրինությունը ճնշում ա մեզ, անընդհատ նախարարի խոսքն ա մեջբերում, թե պետք չի էդպիսի բան անել»:

Նրա խոսքով՝ աշխատավարձերի չտալու պատճառով «Նաիրիտ»-ից օրական 3-4 մարդ ազատման դիմում է տալիս:

Մեզ հետ զրույցում սակայն գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հերքեց բոլոր այս լուրերը՝ միայն նշելով, որ ամենաուշը ապրիլի 7-ին գործարանի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձ:

«Եթե այսօր չլինի, ապա երկուշաբթի հաստատ կստանանք մեկ ամսվա աշխատավարձը: Ինչ վերաբերվում է ցույցերն արգելելուն, նշեմ, որ «Նաիրիտ»-ում այսպիսի խնդիր երբեք չի եղել: Երբ հարկ է եղել լինել ելույթներ, երթեր, ակցիաներ, կազմակերպել ենք եւ մարդիկ մասնակցել են: Իսկ կրճատումների հետ կապված՝ ասեմ, որ աբսուրդ խոսակցությունններ են, ոչ մեկին մենք չենք ազատում, սակայն լինում են դեպքեր, որ մարդիկ հեռացման դիմում են գրում»,- նշեց նա:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ընկերությունը պարտք է ավելի քան 15 ամսվա աշխատավարձ: