Իշխանությունների համար ամոթալի է նույնիսկ մեկ օր ավելի ունենալ օրենք, որը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` անդրադառնալով ՍԴ-ի` ապրիլի 2-ին կայացրած որոշմանը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել:
«Խնդիրը ոչ թե ՍԴ որոշումն է, այլ որոշման տարաբնույթ, ապակողմնորոշող մեկնաբանությունները: Բոլոր այս մեկնաբանությունները հիմնված են որոշման 7-րդ կետի վրա, որտեղ ժամկետ էր նշանակել սեպտեմբերի 30-ը: Գործադիր եւ օրենսդիր մարմինն օր առաջ օրենքը պետք է սկսի քննել այն դրույթները, որոնք հակասահմանադրական են ճանաչվել, ոչ թե այդ ժամկետը իշխանությունները դիտարկեն որպես հնարավորություն գումար կորզելու համար»,- ասաց նա:
Դավիթ Մանուկյանի խոսքով` ուշագրավ է հատկապես որոշման վեցերորդ կետը, որտեղ հստակ նշվում է` պետք է հաշվի առնելով մարդու սեփականության իրավունքը:
«Այս մասը նույնիսկ բոլդ է արված, որպեսզի մարդիկ հասկանան, որ առանց իրենց թույլտվության եւ համաձայնության` ոչ մեկն իրավունք չունի իր գումարն իրենից կորզել»,- ավելացրեց Դավիթը:
Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ 1974թ.-ից հետ ծնված քաղաքացիներն իրավունք չունեն ֆոնդ չընտրել:
«Հաշվի առնելով, որ 97%-ը դեմ է կուտակայինին, պետք է անհապաղ չեղարկել այս օրենքը: Հենց երկուշաբի պետք է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել եւ չեղարկել այս օրենքը»,- ասաց Հակոբը:
«Դեմ եմ»-ը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային նոր օրենքը բացասաբար է ազդում նախ եւ առաջ տնտեսության վրա: Հակոբ Արշակյանն առաջ է քաշում մի քանի խնդիրներ. «Բազմաթիվ ընկերություններ այսպիսի քաշքշուկների արդյունքում կարող են գրանցել իրենց ընկերությունները հարեւան երկրներում, որտեղ մեղմ է հարկային դաշտը եւ ավելի վստահելի իշխանություններ կան: Վտանգավոր է նաեւ ներդրումների պահը, քանի որ անդրազգային ընկերություններին զանգում եւ ազդում նրանց վրա: Որակյալ մասնագետների արտահոսքի խնդիր կա: Ինչքան էլ չեմ ցանկանում այդ մասին խոսել, բայց դա իրականություն է»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դրույթները հակասահմանադրական են ճանաչել: ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Ընդամենը մեկ օր անց ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուսատնըկերության եթերում հայտարարել է, որ օրենքը շարունակելու է գործել մինչեւ սեպտեմբերի 30-ին: Նույնն ասել էր նաեւ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ:




























