Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 30-ին մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհաստատվեն հիմնադրամի ծրագրերը, որոնք աջակցելու են երիտասարդներին հուզող խնդիրների լուծմանը: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնելու է ՀՀ նախագահի կողմից երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում եւ վարչապետի աջակցությամբ` տնտեսության, կրթության, սպորտի, մշակույթի եւ այլ բնագավառներում: Պետական բյուջեից այս տարի կենտրոնի ծրագրերի իրականացման համար կտրամադրվի 35 մլն դրամ:

Վարչապետը շրջել է մասնաշենքում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին:

Այնուհետեւ տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը տարբեր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների հետ: Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ եւ պատասխանել ուսանողների հարցերին: