Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտնվել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրողների գործունեությունը խոչընդոտող համաշխարհային առաջնորդների ցանկում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանում «խոսքի ազատության» թշնամիների շարքում է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Ընդհանուր առմամբ, ցանկում են «խոսքի ազատության» ամենախիստ 40 ճնշողները՝ քաղաքական գործիչներ, կրոնական հեղինակություններ եւ գրոհայինների ղեկավարներ, այդ թվում՝ 17 նախագահ եւ վարչապետ:

Աշխարհում 2010թ. սկզբից սպանվել են 9 լրագրողներ, մոտ 300 հոգի գտնվում է անազատության մեջ: Սպանվածների շարքում են «Նովայա գազետայի» լրագրող Աննա Պոլիտկովսկայան եւ «Մեմորիալի» իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովան, որոնք կասկածի տակ էին դրել Կադիրովի քաղաքականությունը:

Հրապարակումը նվիրված է մամուլի ազատության համաշխարհային օրվան՝ մայիսի 3-ին: