Այսօր` մայիսի 3-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի է ունեցել Խոսքի ազատության օրվան նվիրված ֆոտոցուցահանդես, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Նա մասնավորապես նշել է, որ իրենք դատապարտում են լրագրողների հանդեպ իրականացվող ոտնձգությունները, բռնություններն ու գրաքննությունը եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի լրագրողներ իրենց աշխատանքում ապահով լինեն:

Նա նախ հիշեցրել է, որ Հայաստանը Freedom House-ի վերջերս հրապարակած զեկույցում համարվել է ոչ ազատ երկիր, որտեղ առկա է նաեւ գրաքննություն, ապա հավելել է, որ հետաքրքիր կլիներ, եթե այդ համատեքստում իր ելույթը լուսաբանվեր: Նա հորդորել է նաեւ հետևողականորեն քննության առնել բռնության բոլոր դեպքերը:

Մարի Յովանովիչը հույս է հայտնել, որ կընդունվի զրպարտության վերաբերյալ օրենքի նախագիծը, և հեռարձակման լիցենզիաները արդար կբաշխվեն: «Կարեւոր է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը: Սա անհրաժեշտ է, որ կառավարության կողմից տնօրինվող տեղեկատվությունը հանրությանը ավելի հասանելի դառնա: Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում երկրները պետք է իրենց քաղաքացիների ողջ ներուժը և ռեսուսներն օգտագործեն, և դա ենթադրում է, որ մարդիկ առավել իրազեկ լինելու միջոցով կարողանան ճիշտ որոշումներ կայացնել: Կոչ եմ անում բոլորին աշխատել, որ Հայաստանում հասարակությունը առավել իրազեկված լինի»,-ընդգծել է նա: